ԵՄ-ն կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները
Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է DW-ն:
Տուսկը նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունների իրականացումն ավելի դանդաղ է ընթանում, քան ենթադրվում էր:
«Վստահ եմ, որ 2-3 շաբաթում մենք առանց մեծ բանավեճերի որոշում կկայացնենք պատժամիջոցների մասին»,-ասել է Տուսկը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «G7» պետությունների ղեկավարները մտադիր են ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը կախվածության մեջ դնել Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարումից և Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելուց: Հայտնի է, որ նման որոշում կկայացվի մայիսի 26-27-ին Ճապոնիայում կայանալիք G7 հանդիպմանը: Պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2016-ի հուլիսի վերջում: