Պետական ֆինանսական աջակցության աճին զուգընթաց, ջրակորուստները աճում են. ՎՊ
Վերահսկիչ պալատի ուսումնասիրել է ջրային տնտեսության բնագավառի մի շարք ծրագրեր: Մասնավորապես դիտարկվել են Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից իրագործվող Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ վարկային ծրագիրը, Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլը, Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը:
Վերահսկողության հիմնական ուղղությունը եղել է նշված ծրագրերի հետևյալ հիմնական արդյունքային ցուցանիշների ապահովման ուսումնասիրությունը. շահառուներին մատուցվող ծառայությունների օրական տևողության ավելացում, 24-ժամյա ջրամատակարարում ունեցող տնային տնտեսությունների տոկոսի ավելացում, նախատեսված քանակներով ջրաչափերի տեղադրում, մատակարարվող ջրի որակի և բաժանորդների սպասարկման բարելավում, չհաշվառված ջրի ցուցանիշի կրճատում, վճարների հավաքագրման մակարդակի ավելացում:
Ուսումնասիրված երեք ծրագրերով նախապես սահմանված արդյունքային ցուցանիշների կատարումը հնարավոր է գնահատել ծրագրերի ավարտից հետո:
Վերահսկողության շրջանակն ընդգրկել է նաև ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:
Ընտրանքային կարգով հանդիպակաց ստուգումներ են իրականացվել մի շարք ջուր օգտագործող ընկերություններում (ՋՕԸ): Արձանագրվել են որոշ խախտումներ, մասնավորապես, ջուր օգտագործող ընկերությունները չեն ապահովել ՀՀ կառավարության կողմից սահմանված ոռո•ման ջրի ընդունելի կորուստների մակարդակն ու ոռոգման ենթակա հողատարածքների չափերն ու ծավալները:
Հատկանշական է, որ կորուստների մակարդակը մեղմելու նպատակով ոռոգման համակարգերի վիճակի բարելավման համար պետական ֆինանսական աջակցության աճին զուգընթաց, կրկին աճում է փաստացի կորուստների մակարդակը:
Օրինակ, 2013 թվականի համեմատ 2014 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված և ստացված տեղեկատվության համաձայն` ընդունելի կորուստների մակարդակն աճել է` հասնելով 42.9%-ից մինչև 45.5%, չնայած այն հանգամանքին, որ միջոցներ են հատկացվել ոռոգման համակարգերի հիմնանորոգման նպատակով: