Նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների վիճակի մասին
Մայիսի 23-ին ՃՏՊ-ի հետեւանքով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների վիճակը բարելավվում է:
Այս մասին newspress.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ բուժհիմնարկ տեղափոխված 8 վիրավորներից 4-ի վիճակը գնահատվում էր ծանր, նրանք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Մյուս 4-ի վիճակը գնահատվում էր միջին ծանրության:
Նարեկ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 38-ամյա Արկադի Սահակյանը, տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք:
Նա ընդգծեց, որ Արկադիի մոտ ախտորոշվել էր՝ զույգ թիակների փակ բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժով: Գլխի բազմակի սալջարդ վերքեր: Մարմնի բազմաթիվ քերծվածքներ: Այժմ նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
«Այս պահին վերակենդանացման բաժանմունքում շարունակում են բուժում ստանալ՝ 1973 թվականին ծնվածներ Աշոտ Խուրշուդյանը և Ազատ Խումարյանը, ինչպես նաև 1988 թվականին ծնված Էդգար Հակոբյանը: Այս հիվանդների առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով»,- ասաց Նարեկ Կիրակոսյանը:
Նարեկ Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ բուժվողներից մեկը՝ 1984 թվականին ծնված Արթուր Միլիտոսյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Իսկ վաղը՝ մայիսի 25-ին նախատեսված է վիրահատել 1979 թվականին ծնված Արտյոմ Միլիտոսյանի վերին աջ վերջույթը:
Նարեկ Կիրակոսյանի փոխանցմամբ մյուս երկու տուժածները 1987 թվականին ծնված Անդրե Հակոբյանը և 1989 թվականին ծնված Արկադի Դարբինյանը դեռ կշարունակեն բուժում ստանալ հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: