Չոռնի Գագոյի «ձիու» քայլն ու «մատի» վտանգը
Հերթական ծեծկռտուքը Գագիկ Բեգլարյանի Չոռնի Գագոյի նազիր-վեզիրների կողմից: Այս անգամ Չոռնի Գագոյի թիկնապահները ծեծել են երկու ուսանողի, ովքեր մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքից մոտ մեկ շաբաթ հետո ոստիկանները ձերբակալել են Չոռնիի թիկնապահական հզոր բանակից հինգին: Այս տարվա փետրվարին կապի ու տրանսպորտի նախարարի թիկնապահ տղերքը նորից մեծ ծեծկռտուք էին կազմակերպել՝ ծեծելով «Վենետիկյան պալատ» ռեստորանի տիրոջ որդուն:
Ծեծը ոչ միայն Գագիկ Բեգլարյանի թիկնապահների, այլ նաև հենց Բեգլարյանի հին ու սիրելի զբաղմունքն է, անկախ պաշտոնից: Դեռ քաղաքապետ աշխատած ժամանակ Բեգլարյանն, առանց իր թիկնապահների, հայտնվեց սկանդալային պատմության մեջ, երբ ապտակեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի ներկայացուցչին, Դոմինգո Պլասիդոյի երեւանյան համերգին: Բայց այդ ժամանակ Բեգլարյանը հրաժարական տվեց, քանի որ անզգույշ քայլ էր արել՝ փաստացի ապտակ Բ-26- ի վրա:
ՈՒ եթե Բեգլարյանը հրաժարական չտար` Բաղրամյան 26-ը նրան «ձիուց» կգցեր: Նոր պաշտոնում «Չոռնին» ու իր թիկնապահները ավելի զգույշ են գործում՝ հեռու Բաղրամյան 26-ից, և մնում անպատիժ: Ու ստացվում է այնպես, որ Երևան քաղաքում անգամ զբոսնելիս կարող ես ենթարկվել Գագիկ Բեգլարյանի կամ իր թիկնապահների հարազատ հոգեկերտվածքին՝ ծեծին, առավել ևս, որ բեգլարյանական հոգեկերտվածքի նախադեպերը շատանում են ու մնում անպատիժ, ինչն էլ ունի իր պատճառը:
Նախ Բեգլարյանը անկախ ամեն ինչից հնազանդ է Բաղրամյան 26-ին և ամեն մի նոր ընտրություն Բեգլարյանով՝որպես ֆինանսական բուրգ, ավելի մրցունակ է լինում: Շատ է խոսվում, որ Բեգլարյանը ուզում է ամեն գնով նորից ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ու չնայած, որ դեռ քաղաքապետի ընտրությաններին դեռ մեկ տարի կա, բայց «Չոռնիի» թիկնապահական խումբը երիտասարդ տղաներին ծեծելով վարժվում է, որ 2017 թվ-ին գերազանց կատարի առաջադրանքը, այլապես Բեգլարյանի համար ձիուց մատ մեկ քայլ կլինի: Իսկ «մատ»-ի դեպքում կվտանգվի Բեգլարյանի միլիոնավոր դոլարների կարողությունը: