Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին
Մայիսի 23-ին ժամը 01:40-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածք ստացած 8 քաղաքացի: Այս մասին newspress.am-ի հետ հարցազրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը, ում խոսքով միկրոավտոբուսում գտնվող 9-քաղաքացիներից մեկը մահացել է:
Նարեկ Կիրակոսյանը նշեց, որ քաղաքացիներից 4-ը գտնվում է վնասվածքաբանության, իսկ մյուս 4-ը վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդների վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին կցված են արհեստական շնչառական սարքավորումներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Իսկ մյուս 4-ը գնտվում են հիվանդասենյակում, ադեկվատ են, շփվում են հարազատների հետ: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության»,- ասաց ԲԿ մամուլի խոսնակը:
Նա նկատեց նաև, որ վարորդի վիճակը ևս գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետևանքով վարորդ Ա. Դ.-ն(ծնվ.1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ն (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ն (ծնվ.1977թ.), Ս. Հ.-ն (ծնվ.1977թ.), Ա. Խ.-ն (ծնվ.1960թ.), Է. Հ.-ն (ծնվ.1988թ.), Ա. (ծնվ.1979թ.) և Ա. (ծնվ.1984թ.) Մ.-երը և Տ. Խ.-ն (ծնվ.1960թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: