Վարչապետ-գառնեցիներ հանդիպումն անցավ գառնեցիների հաղթանակով
Գառնի համայնքի բնակիչներն այսօր, արդեն վեցերորդ անգամ, փակել էին Գառնի-Երևան ավտոճանապարհը:
Նրանք պահանջում են չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:
Արդեն երեք օր է Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է 6 տեխնիկա:
Բնակիչների պահանջին արձագանքելու նպատակով նրանց մոտ էր եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ, ում գառնեցիները դիմավորել են բողոքի կոչերով:
Ի պատասխան նրանց բողոքների` վարչապետը խոստացել է Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցնել: «Տեխնիկան հանում ենք, չեղարկում ենք, հիմա ճանապարհը բացում եք…»,-ասել է նա:
Սակայն գյուղացիներն ավելի համառ են գտնվել և պահանջել են հենց այդ պահին հանել տեխնիկան, որից հետո միայն կհեռանան ու կբացեն ճանապարհը:
Հովիկ Աբրահամյանը հորդորել է գառնեցիներին գոնե տուրիստական ավտոբուսներին թողնել, որ անցնեն:
Ի վերջո, վարչապետ-գառնեցիներ բանակցություններից հետո, ցուցարարնեը բացեցին ճանապարհը: