Հայ ըմբիշները մարզվում են Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ միասին
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին, հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում` Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա:
«Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,-փաստել է Ջուլֆալակյանը:
Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 24-ին:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքիսմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):