ՊՈԱԿ-ից հիմնադրամ ու նոր ռեկտորի ընտրություն մանկավարժականում
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) հունիսի 17-ին անցկացվելու է ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Ինչպես տեղեկացանք նույն բուհից, մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ՀՊՄՀ քարտուղարությունում ընդունվում են սույն թվականի մայիսի 17-ից մինչեւ հունիսի 6-ը ներառյալ՝ բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում: Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրացել է դեռ փետրվարին: Դրանից հետո նա շարունակել է աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Ռեկտորի ընտրությունները ձգձգվում էին, քանի որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում վերջին ամիսներին տեղի էին ունենում իրավակազմակերպական փոփոխություններ, ինչի արդյունքում այն ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի, ինչն, ի դեպ, ավելի վաղ արվել էր հայաստանյան մի շարք այլ բուհերի դեպքում:
Այսպիսով, հաջորդ ամիս արդեն բուհի ռեկտոր կընտրի ոչ թե ՊՈԱԿ-ի խորհուրդը, այլ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որոնց կազմում, սակայն, առանձնապես փոփոխություններ չկան: Ընդամենը մի քանի օր առաջ էլ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչեւ բուհի կարգավիճակի փոփոխությունը նա արդեն տարիներ շարունակ ղեկավարում էր նախկին խորհուրդը: