Գայլերը շատացել են ու լցվում են գյուղերը. Սիլվա Ադամյան
«Հայաստանում կա լուրջ խնդիր գայլերի քանակի հետ կապված»,- այսօր մայիսի 20-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրվա մոտենալուն առընթեր, «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ գայլերը բազմանում են ու գյուղացին լուրջ վնասներ է կրում նրանց հարձակումներից: Բնապահպանները կարծում են, որ դա լանդշաֆտերի փոփոխության, կլիմայակամ փոփոխությունների հետևանք է, սակայն նախ և առաջ դա մարդկային ազդեցության հետևանքն է այն տարածքների վրա, որտեղ գայլերը բնակվում են:
Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ-ի փոխնախագահ Գոհար Օգանեսովան կարծում է, որ անտառների կորուստը բերել է նրան, որ կենդանին չունի բնակավայր և հետևաբար բնակավայրի կորուստը, կերի կորուստը նրան մղում է դեպի մարդը: Գայլը չունենալով կերային բազա՝ ձգվում է այնտեղ, որտեղ կա ապրելու միջոց: Անգամ հասարակ գյուղացին Լոռու մարզից նամակ է գրել բնապահպաններին` հասկանալու, թե ինչու՞ են գայլերը մտնում գյուղեր ու վնաս հասցնում գյուղացիներին, այսինքն դա լուրջ խնդիր է դարձել: Այս առումով նշենք, որ Լոռու մարզում հանքարդյունաբերությունը զարգացած է, ուստի պատճառները կարելի է փնտրել այդտեղ:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձան թռչունների որսագողությանը, անտառապահպանության խնդիրներին: