Գրավված 800 հեկտարը տարածք չէ, այլ շփման գիծ
Աժ այսօրվա ճեպազրույցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ 800 հա տարածքը կորցնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Նա նկատեց, որ շփման գծի մասին է խոսքը, իսկ այդ գիծն անընդհատ փոխվել է և դեռ կարող է փոխվել:
Ռուստամյանի դիտարկմամբ` Ադրբեջանը ոչ մի բնակավայր էլ չի կարողացել խլել Արցախից, իսկ պատերազմական գործողությունները կասեցվել են հենց Ադրբեջանի խնդրանքով, հենց Արդբեջանն է խնդրել, որ Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվի կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք պարզապես, նրա խոսքով, հարգել ենք այդ պայմանավորվածությունը:
«Խոսքը գնում է շփման գծի մասին, ֆիքսված փոփոխությունների մասին այսօր խոսելն անիմաստ է: Պատերազնը չի ավարտվել, վաղը կարող է շփման գծում տեղաշարժ լինել»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով՝ հստակ սահմանվել է, որ 94-95 թվականների հրադադարի ռեժիմի մասին պայմանագրերի հիման վրա են կառուցվելու բանակցությունները: Եվ ուրեմն այն, որ Ադրբեջանն ուզում էր նոր շփման գիծ արձանագրել, չեն կարողացել անել: «Այդ ամենը դեռ դինամիկ փոփոխության պրոցեսի մեջ է, և խոսել այն մասին, որ իրենք ինչ-որ տարածքներ են գրավել, ճիշտ չէ»,- ասաց Ռուստամյանը: