Որևէ մեկը չի կարող լռեցնել ԼՂ ժողովրդի անկախության ձայնը
ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել է նախագահ Սարգսյանի Վիեննա կատարած այցի արդյունքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ընդգծելով, որ բավարարված են համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությամբ:
Շարմազանովը նկատեց, որ Վիեննայից Հայաստան վերադարձի ընթացքում նախագահն իր հարցազրույցում մանրամասն անդրադարձել է այցի արդյունքներին:
«Այնտեղ նոր փաստաթուղթ չի քննարկվել, հիմնականում խնդիրը վստահության մեխանիզմների, խաղաղության ամրապնդման վերաբերյալ է, որ 1994 թվականի զինադադարն անժամկետ է, որ նոր զինադադար չի կարող լինել, Ադրբեջանը պետք է ստանձնի այն պարտավորությունները, որ ստանձնել է 1994 թվականի զինադադարով»,-ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ որևէ նոր սկզբունք չկա, խնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունքի իրացում և խաղաղ կարգավորում:
«Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: