Վարչապետը հայտարարել է, թե Հայաստանում մենաշնորհ չկա
«Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներին չեն թողնում Բագրատաշենի անցակետից Հայաստան մուտք գործել: Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` կառավարությանն ուղղելով իր հարցը, թե հետաքրքրվե՞լ են միջադեպով և պարզվե՞լ են, թե ով և ինչ նպատակով է խոչընդոտել ներկրմանը և ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր վարորդներին ասել են, թե այս ոլորտում մոնոպոլիա է:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հանձնարարականներ է տվել` միջադեպի ուսումնասիրության համար:
«Ուսումնասիրությունը շարունակվում է, առաջիկա մի քանի օրը կզեկուցվի, և ես որոշում կկայացնեմ»,-ասաց նա:
Նա ասաց նաև, որ կառավարությունը որևէ ընկերության մենաշնորհի իրավունք չի տվել, բայց ձևավորվել են տնտեսական մենաշնորհներ, որի համար կա հանձնաժողով՝ ՏՄՊՊՀ-ն:
«Ուզում եմ բարձր ամբիոնից հայտարարել, որ որևէ ընկերություն համար չկա սահմանափակում, և ով ցանկություն ունի զբաղվել հեղուկ վառելիքի ներկրմամբ, կարող է: Կարող են ներկրել և զբաղվել այդ բիզնեսով. ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել՝ չկա մենաշնորհ»,-ասաց նա։