Վերահսկիչ պալատը ռիսկային է համարում սոցիալական ծառայության ոլորտը
Խորհրդարանը շարունակում է քննարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառույցի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:
Տարեկան հաշվետվությամբ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2015-ին իրականացված վերահսկողության արդյունքներն ու հայտնաբերված խախտումները: ՎՊ-ն հատկապես ռիսկային է համարել սոցիալական ծառայությունների ոլորտը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն անկատել է , որ տարեցտարի ՎՊ հաշվետվության ծավալները նվազում են և հետաքրքրվել՝ արդյո՞ք սա նշանակում է, որ իրավիճակը բարելավվում է:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հաշվետվության ծավալի փոփոխությունը պայմանավորել է նոր մեթոդաբանության ընտրությամբ:
«Հաջորդ տարվա հաշվետվությունը կրկին պետք է նվազի, որովհետև մենք մոտենում ենք Ինտոսայի սկզբունքներին, որը չի պարտադրում ընթացիկ հաշվետվությունները ներառել տարեկան հաշվետվության մեջ: Այլապես, մեր հաշվետվություններն իրար հետ 2000 էջ և ավելի կկազմեն»: