Ոչինչ չեմ կարող ասել. Վիկտոր Սողոմոնյան
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը չի ընդգրկվել խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում. այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԼՂՀ-ն անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտվեց:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ դրական եզրակացություն չտալու նպատակը եղել է չվնասելը. «Պետք է գնանք չվնասման սկզբունքով, հիմա ԼՂՀ անկախության ճանաչման ժամանակը չէ: Միակողմանի ճանաչումը այս փուլում չէր տանի ԼՂՀ միջազգային ճանաչման»:
«Կգա մի օր և երկրորդ նախագահը կվերանայի իր դիրքորոշումը և կմիանա համազգային կոնսոլիդացիային»,- նշեց Շարմազանովը՝ գնահատելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը ԼՂՀ և քննարկումները Բակո Սահակյանի հետ:
«Հանդիպելը լավ բան է: Կես քայլը կատարել է երկրորդ նախագահը՝ գնացել է Արցախ և հանդիպել Բակո Սահակյանի հետ: Կգա ժամանակը և հարգարժան երկրորդ նախագահը կվերանայի իր դիրքորոշումը:
Նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում այսօր առաջնային խնդիրը ազգային միասնության ապահովելն է: Անկախ նրանից, թե ում հետ ինչ տարաձայնություն ունենք, մենք պետք է ազգովի մի բան գիտակցենք, որ Արցախի հարցում, ազգային խնդիրներում պետք է լինենք միասնական»,- նշեց Է. Շարմազանովը:
Թե արդյոք կգա մի օր, որ երկրորդ նախագահն կվերանայի իր դիրքորոշումը և կմիանա համազգային կոնսուլիդացիային: newspress.am-ը պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար՝ Վիկտոր Սողոմոնյանի հետ,որն էլ ասաց. «Ոչինչ չեմ կարող ասել»: