Հայաստանում մահացության և ծնելիության շեմերը մոտեցել են. (տեսանյութ)
«Հայաստանում մահացության և ծնելիության շեմերը մոտենում են այնքան, որ կես տոկոսի է հասել: Եվս մեկ-երկու տարի և մենք կգնանք նեգատիվ ցուցանիշի»:
Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գարիկ Հայրապետյանը:
Ըստ նրա՝ հարկավոր է այնպիսի մեխանիզմ կիրառել, որը կնպաստի թվի աճին: Մինչդեռ այսօր ծնելիության նվազմանը նպաստում են նաև տարեցտարի ավելացող ամուսնալուծությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանն էլ նկատեց, որ իրենց կողմից ղեկավարվող Պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցած տվյալների համաձայն՝ ամուսնալուծությունների թվի զգալի աճ է գրանցվել:
«Ամուսնալուծությունները պայմանավորված են հիմնականում երեք գործոնով՝ սոցիալ-տնտեսական պայմաններ, արտագաղթ և բնակարանային խնդիր»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նկատենք, որ հիշյալ ՊՈԱԿ-ը պետական բյուջեից իր աշխատանքի համար ստանում է տարեկան 90 մլն դրամ, սակայն վերջինիս աշխատանքը եզրափակվում է միայն թվեր արձանագրելով և չի տարածվում դրանց պատճառահետևանքային երևույթների կանխման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում