Մինգեչաուրի ջրամբարից ջրի արտահոսքի վտանգ կա
Մինգեչաուրի ջրամբարը խնդիրներ ունի:
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական հարստությունների նախարար Հուսեինգուլու Բաղըրովը: Նա հայտնել է, որ ջրամբարի հողային պատնեշներում ջրի հոսքեր են դիտվում:
«Եթե այնտեղ ջրի մեծ հոսքեր սկսվեն, ապա կարող են լուրջ վտանգավոր խնդիրներ ծագել: Դա ավելի լավ գիտեն այդ պատնեշները կառավարող կազմակերպությունները»,- ասել է նա:
Բաղըրովի խոսքով` ներկայում միջոցներ են ձեռնարկվում պատնեշներից ջրի արտահոսքերը վերացնելու ուղղությամբ, ինչը դեռ երկար ժամանակ կպահանջի:
Ջրամբարը սնում է Մինգեչաուրի ՀԷԿ-ին, որը տալիս է Ադրբեջանի էլեկտրաէներգայի պահանջի զգալի մասը: Ջրամբարի դիրքն այնպիսին է, որ եթե այն պահող պատնեշը փլուզվի, ապա Ադրբեջանի ամբողջ հարթավայրային մասը, որը նրա տարածքի կեսից ավելին է, կմնա ջրի տակ: