ԵԱՀԿ Մինսկի խմբի և ՀՀ նախագահի հայտարարությունները համահունչ են. Շարմազանով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումներն ու մտքերը համընկան:
Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն արդեն ծանոթ եք, նրանք ցանկանում են նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և ինչպես արդեն նշել եմ՝ ՀՀ նախագահի պաշտոնական դիրքորոշումը այդ հանդիպման վերաբերյալ կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,-ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ եղել են մի շարք քաղաքական գործիչներ, որոնք իրենց համարում են լուրջ գործիչներ, փորձագետներ արտաքին քաղաքականության մեջ և նշում էին, թե նախագահ Սարգսյանի առաջարկությունները կամ գնահատականները կարող են հանգեցնել համանախագահների և հայկական կողմերի կարծիքի տարանջատման, սակայն այդպես չեղավ:
«Նրանց կանխատեսումները չիրականացան և նախագահի գնահատականների կոշտացումը հանգեցրեց ոչ միայն տարաձայնությունների, այլ առհասարակ իրական գնահատականների հնչեցումը հանգեցրեց նրան, որ այսօր համանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ զետեղված են մտքեր, որոնց մասին խոսել է հանրապետության ղեկավարը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: