ՌԴ դեսպանի հայտարարության մեջ անհասկանալի շատ բաներ կային. քաղաքագետ
«Ռուսաստանի դեսպանի հայտարարությունների մեջ ընդհանրապես անհասկանալի շատ բաներ կային»:
Newspress.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարություններին` ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նկատում է, որ, ըստ էության, Իվան Վոլինկինը հերքում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, մինչդեռ ակնհայտ է, որ դա այդպես չէ և Ռուսաստանում շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ամենևին էլ չեն հերքում, որ Ադրբեջանին զենք են մատակարարում:
Ինչ վերաբերում է ռուսական զենքն Արցախ տանելուն, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ դեսպանը ակնարկել է այն, որ չճանաչված պետության հետ նման գործարքներ ռուսական կողմը չի անում:
«Սա Արցախի անկախության ճանաչման կոչ չէր, պարզապես փաստում էր այն իրողությունը, որ Արցախի հետ Ռուսաստանը նման պայմանավորվածություններ և գործարքներ չունի և չի ունենա, քանի դեռ չի ճանաչել անկախությունը: Սակայն ես այս խոսքի մեջ անկախությունը ճանաչելու կոչ որպես այդպիսին չտեսա»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով սահմանին տիրող հարաբերական անդորրին՝ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ այս անդորրը տեխնիկական խնդիր է, որտեղ թե՛ սպառնալիք, և թե՛ զգույշ լինելու կարիք նա ամեն դեպքում տեսնում է:
«Ավելի շատ ոչ թե անդորրն է մտահոգում, այլ երկու կողմերում զորքերի կուտակումները, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստ են պատերազմի և ցանկանում են հարցը ռազմական ճանապարհով լուծել»,-հավելց քաղաքագետը: