Արծվիկ Մինասյանը համոզում է չքննադատել կառավարությանը
Ազգային ժողովը արտահերթ նիստում դարձյալ քննարկում է «Հրազդան ցեմենտի» գործարանին հարկային արտոնություններ տալու նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստում ասաց, որ գործարանին 500 մլն դրամ վճարից, որը գոյացել է չվճարված հարկերի դիմաց կիրառված տույժերից, ազատելը կարևոր է, որպեսզի գործարանը շարունակի իր հետագա գործունեությունն ու աշխատատեղեր ապահովի:
Մինչդեռ պատգամավորները պահանջում են պատասխանատվության կանչել Միքայել Բաղդասարովին՝ նշելով, որ նա գործարանը կանխամտածված սնանկացման է տարել: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դա առանձին գործընթաց է, որն ընթանում է և այս գործընթացի հետ կապ չունի:
Դաշնակցական նախարարը միաժամանակ հորդորել է չքննադատել կառավարությանը այն բանի համար, որ պարզապես փորձում է փրկել այս հսկային: