Քանի դեռ Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի
«Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ՝ ռազմական գործողություններ սպասվում են, թե չեն սպասվում, բայց քանի դեռ Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք տեսանք, որ Ադրբեջանը ձգտում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեկ անգամ նա տապալվեց, մեկ անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողվեց: Այս պահին չեմ կարող խոսել ադրբեջանական ծրագրերի մասին, բայց փաստն այն է, որ հայկական կողմերը՝ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը, խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ապրիլյան պատերազմը Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք էր, սակայն նրանք ձախողվել են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատեց, որ և ռազմաճակատում, և դիվանագիտական ճակատում պետք է միասնական և ուժեղ լինել:
«Թե հետագայում Ալիևը ինչ կնախաձեռնի կամ կնախաձեռնի, թե ոչ, դա չեմ կարող ասել, բայց այն, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, սա իրականություն է»,-ասաց ՀՀԿ խոսնակը: