Դավութօղլուն հրաժարվեց Թուրքիայի վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին Դավութօղլուն հայտարարել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Դավութօղլուն հայտարարել է նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր:
Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:
Դավութօղլուի հայտարարության ժամանակ ներկա որոշ ԱԶԿ-ականներ չեն կարողացել զսպել արցունքները: