Մեկը՝ մեկին պաս են տալիս, բոլոր վերադաս մարմինները խաբում են, արդարությունը չի գործում. (տեսանյութ)
Մարդ կա հազիվ է օթևան ճարում, մարդ կա շենքեր է շալակած տանում:
Վաշխառուներ, այս և նման մակագրությամբ պաստառներով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ընտանիքները իրենց բողոքի ակցիան էին կազմակերպել կառավարության շենքի առաջ:
«Նորաշեն 2007» 8 տարի առաջ առքուվաճառքի և նախավճարի պայմանագիր կնքած շուրջ 30 ընտանիք դեռևս չի ստացել իր բնակարանի վկայականը, քանի որ շենքը դեռ անավարտ է:
«Այսքան տարի մեկը՝ մեկին պաս են տալիս, մեկը՝ մեկի բերան թքած, բոլոր վերադաս մարմինները խաբում են, արդարությունը մեզ մոտ չի գործում»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ իրենց խաբել են հենց սկզբից:
«Նրանք, փաստորեն, տարբեր մարդկանցից տոկոսով գումարներ են վերցրել և դրա դիմաց բնակարանները գրավադրել այդ մարդկանց մոտ: Իրականում գրավադրված է եղել, ուղղակի առքուվաճառքի տեսքով է»:
Կառավարության շենքի մոտ էին եկել նաև Կոնդի բնակիչները, ովքեր 10 տարի շարունակ իրենց քանդված տների դիմաց փոխհատուցում են պահանջում:
Կոնդեցիներից մեկը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրի նախագահն իրենց խոստացել է 1 ամսից փոխհատուցել:
«Բայց մենք չենք հավատում, որ պատշաճ փոխհատուցում կլինի: Մեզ համար նախատեսված շենքը դեռ պատրաստ չէ, ինչ պետք է տան մեզ»,-նկատեցին կոնդեցիները:
Ակցիայի մասնակիցներին կառավարության նիստի ընթացքում մոտեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա տրամադրեց իր հեռախոսահամարներն ու խոստացավ իր աշխատասենյակում ընդունել բոլորին:
Մանրամասները՝ տեսանյութում