Բելառուսի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքներին
Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների հետ իր նոր ռազմական հայեցակարգը, սակայն դրա հետ միասին առաջնորդվելու է իր ազգային շահերով, Ինտերֆաքսի փոխանցմամբ` հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը` արձագանքելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե Բելառուսի նոր ռազմական հայեցակարգը խնդիր է ողջ ՀԱՊԿ-ի համար:
Բելառուսի փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է` ապահովելու նախ սեփական ազգային շահերը:
Նրա հավաստիացմամբ` Բելառուսի ռազմական հայեցակարգը կրում է բացառապես պաշտպանական բնույթ: Նշենք, որ ՀԱՊԿ-ի հիմնադիր պայմանագրի համաձայն` դաշինքի անդամ պետության դեմ ռազմական հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր անդամների դեմ: ՀԱՊԿ անդամ պետության խնդրանքով` դաշնակիցները պետք է անհրաժեշտ, այդ թվում` ռազմական աջակցություն ցուցաբերեն: