Քրեակատարողականում դիմակավորված անձինք չեն եղել` քննչական է մտել
Քիչ առաջ որոշ լրատվական կայքերում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի «Նուբարաշեն» ՔԿՀ են մտել դիմակներով մարդիկ և բունտ առաջացրել բանտարկյալների շրջանում:
«Ոչ մի դիմակավորված անձիք, ոչ մի բունտ կամ այլ նմանատիպ բաներ չկան»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա չմանրամասնեց և չցանկացավ ասել, թե որտեղից է նման տեղեկատվության արտահոսքը, պարզապես նշեց, որ քննչական ծառայությունը իր պլանային հերթական ստուգումն է անցկացրել:
«Ուղղակի երբեմն այդ ստուգումների հետ կապված լինում են դեպքեր, որոնք առաջացնում են բանտարկյալների դժգոհությունը, այդքան բան»,-ասաց քրեակատարողականների վարչության մամուլի պատասխանատուն:
Ճշտող հարցին, թե արդյոք քննչականի աշխատակիցները դիմակավորված են եղել, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Այն ինչ որ նկարագրված է լրատվական կայքերում, նման բան չկա, ոչ մի դիմակավորված անձ չի եղել»: