«Արմավիա» ընկերության օդանավի վթարից 10 տարի անց
Ուղիղ 10 տարի առաջ մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը, ժամը 2:15-ին, Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի ենթարկվեց «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել է 113 մարդ՝ անձնակազմի 8 անդամ եւ 105 ուղեւոր՝ այդ թվում 6 երեխա:
Ուղեւորներից 77-ը Հայաստանի քաղաքացի, մեկական՝ Ուկրաինայի եւ Վրաստանի, իսկ 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ՝ ազգությամբ հայ:
Օդանավը ընկել է Սև ծով ՝ ափից 5-6 կիլոմետր հեռավորության վրա: Կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են 300 մետր խորության վրա:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մայիսի 3-5-ը հաջողվեց գտնել 51 մարմին, որոնցից 47-ին մինչեւ ամսի 7-ը կարողացան ճանաչել: Աշխատանքներին մասնակցում էր ավելի քան 750 մարդ, 50-ից ավել տեխնիկա: Ավիաաղետի տեխնիկական հետաքննությունն իրականացնում էր ԱՊՀ երկրների Միջպետական ավիացիոն կոմիտեն (գտնվում է Մոսկվայում):
Վթարի փաստով Կրասնոդարի երկրամասի դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 263 հոդվածով (օդային տրանսպորտի շարժման ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը դարձել է երկու ու ավելի մարդու մահվան պատճառ): Իսկ Հ գլխավոր դատախազությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիմքով (քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է) կարճեց 2006-ի մայիսի 3-ին հարուցած քրգործի վարույթը:
Միջազգային ավիացիոն հանձնաժողովի կարծիքով օդանավի վթարի պատճառը անձնակազմի սխալն էր: «Արմավիա» ընկերությունն այդ վարկածի հետ չի համաձայնել: