Ֆրանսիացի լրագրողը ներթափանցել է ԻՊ շարքեր և ահաբեկիչների մասին ֆիլմ է նկարահանել
Ֆրանսիացի լրագրողը երեք ամսով ներթափանցել է ծայրահեղական խմբավորման համար ջիհադականներ պատրաստող խումբ ու գաղտնի տեսախցիկով նկարահանել, թե ինչպես են նրանք Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստում «Իսլամական պետության» անունից, գրում է РИА Новости գործակալությունը։
Հանդես գալով որպես Սաիդ Ռամզի՝ նա հետաքննություն է անցկացրել «Ալլահի մարտիկները» փաստագրական ֆիլմի համար, որը պետք է պատմեր, թե ինչպիսին են երիտասարդ ջիհադականները։ Ֆիլմի ցուցադրությունը Ֆրանսիայում նախատեսված է այսօր։
«Իմ նպատակն էր հասկանալ, թե ինչ է կատարվում նրանց գլուխներում»,-ասել է լրագրողը։
Նրա խոսքով՝ նրանց գործողություններում իսլամի որևէ նշան չի եղել։ Չի եղել նաև աշխարհը բարեփոխելու ցանկություն։
«Միայն կորսված, շփոթված, ինքնասպանական հակումներով, մարդկանց ազդեցության տակ հեշտությամբ ընկնող երիտասարդներ են»,-ասել է Ռամզին։
Նա հաղորդել է, որ ծայրահեղականների հետ շփման մեջ է մտել սոցցանցի միջոցով։
Դրանից հետո նա մշտապես գտնվել է նրանց ճամբարում։