Լրագրող Սիրանույշ Պապյանը դատի է տվել ոստիկանապետին
Լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Մասնավորապես նա պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ եւ 88-րդ հոդվածներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի1087.1 հոդվածի 7-րդ մասի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել,
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
Նշենք, որ լրագրողը 2 օր առաջ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։