Ավելի լավ է Հերմինե Նաղդալյանն իր ընտանիքով զբաղվի. Իսագուլյան
Ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության ողջ կազմը՝ կապի ու տրանսպորտի նախարար, ճանշինի ղեկավար, ֆինանսների նախարար, պետք է վրաններ խփեին Սիսիան-Գորիս ճանապարհի կողքին ու գիշեր ցերեկ այնտեղ մնային, որ հասցնեին մեկ օր շուտ այդ ճանապարհը սարքել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Այդ ճանապարհը ոչ միայն միջպետական, ստրատեգիական, այլև կյանքի ճանապարհ է ոչ միայն ԼՂՀ-ի, այլև Հայաստանի համար, բայց այն խայտառակ վիճակում է: Մինչև այսօր սարքում են, ընդ որում արևոտ եղանակին գործ չեն անում, անձրևին են անում, որ հաջորդ տարվա համար իրենց համար գործ ապահովեն: Եվ այդ անողը Ազգային ժողովի պատգամավորի (հեղ.՝ նկատի ունի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին) շինարարական ընկերությունն է, ով խոսում է տարածքներ հանձնելու մասին»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նա անընդունելի համարեց նույն պատգամավորի հայտարարությունները՝ կապված տարածքների հանձնման հետ:
«Ինքն իր կամքով արդեն հինգ տարածք տվել է: Հաջորդ օրն էլ ինքն իր ասածը հերքում է: Լավ, ամոթ է, չի կարելի: Դու ավելի լավ է գնա հետևիր, տես՝ էդ ճանապարհը ոնց են սարքում: Ինքն ավելի զբաղվի իր ընտանիքով, քան նման հայտարարություններ անի: Ամեն մեկն իր տեղից տարածքների զիջման հարց է բարձրացնում՝ մենք ինչ իրավունք ունենք, ինչ չունենք: Ամենավատն այն է, որ այդ մարդիկ ոչ թե Հայաստանում պաշտոն են զբաղեցնում, այլ հայաստանյան պատվիրակության ղեկավար են միջազգային կառույցներում»,- ասաց Իսագուլյանը: