Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
«Միհրան Պողոսյանն իր հրաժարականի պատճառների մասին հստակ շարադրել է, կարծում եմ` պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի իրավասու մարմիններն իրենց պարտականությունները կատարեն, պետք է սպասել այդ աշխատանքների ավարտին»,- այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը որպես նախարար ցանկացած անձի, այդ թվում Միհրան Պողոսյանի ներկայացրած հրաժարականն ընդունում եւ վերաբերվում է որպես փաստի:
«Ցանկացած անձ իրավասու է իր հրաժարակը պատճառաբանել այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում: Ինքն (Միհրան Պողոսյան) իր հրաժարականի պատճառները հստակ շարադրել է, եւ ես համարում եմ, որ դա իր կողմից պատճառաբանություն էր` հրաժարական ներկայացնելու»,- ասել է արդարադատության նախարարը:
Անդրադառնալով Միհրան Պողոսյանի աշխատանքի եւ գործունեության հետ կապված քաղաքացիների դժգոհություններին` Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ դժգոհություններն ինչ-որ առումով արդարացված են:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր բնույթով յուրաքանչյուր երկրում առնչվում է շատ տհաճ գործառույթի հետ, այսինքն` յուրաքանչյուր ծառայություն, որը պետական հարկադրանք է կիրառում որևէ դեպքում` հատկապես ՀՀ քաղաքացիների շրջանում` նկատի ունենալով նաեւ երկրի սոցիալական վիճակը, չի կարող գոհունակություն հարուցել իր ֆունկցիաների գործադրման տեսանկյունից»,- ասել է նախարարը: