Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Պետդեպ
Մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Իսկզբանե ոգևորվեցինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակն է պահպանվում»,- ասել է Թոները:
Նա նաև նշել է, որ կապի մեջ են երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և իրենց ուղերձն անփոփոխ է. «Խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Մարկ Թոները: