Սեյրան Օհանյանը Սերբիայի ՊՆ նախարարին ներկայացրել է շփման գծի իրավիճակը
Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջեւիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջեւ համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները եւ համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ համագործակցության իրականացման այլ հեռանկարները: Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխան պաշտոնական այցով այցելել Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների եւ շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ եւ կարեւորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը: