Թշնամու կողմից շտապ բուժօգնության 4 ավտոմեքենա է ոչնչացվել
«Քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 125 վիրավոր, որից 2-ն են մահացել` հետվիրահատական շրջանում առաջացած բարդություններից: Այս պահի դրությամբ 87 զինծառայող է դուրս գրվել հիվանդանոցից. նրանք անցել են ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Ըստ նրա, ապրիլի 5-ից հետո ևս 34 վիրավոր է հայկական կողմն ունեցել. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս ընթացքում 148 վիրահատություն է կատարվել, նաև կրկնակի վիրահատություններ:
«Այս ընթացքում շտապ բուժօգնության 4 ավտոմեքենա է ոչնչացվել թշնամու կողմից: Ճիշտ է, բժիշկների շրջանում վիրավորներ ունենք, բայց զոհեր չենք ունեցել»,- ասաց Կ. Խաչատրյանը:
Կամավոր Խաչատրյանը նաև նշեց, որ շփման գծում կրակոցների հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: