Վարդան Այվազյանը իր կուլակաթափության մասին լսելիս վիրավորում է լրագրողին
Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին փոխանցել են հասարակության պահանջը՝ վաճառեք ձեր ունեցվածքը և ուղղեք բանակին՝ արդիական զենք ձեռք բերելուն: Վարդան Այվազյանը հարցից բորբոքվել է ու իր անշարժ գույքը վաճառելու և բանակին ինչ-որ ձևով օգնելու փոխարեն, Վարդան Այվազյանը վիրավորել է լրագրողներին:
Նշենք, որ Վարդան Այվազյանը լեզվից թույլ է, իսկ լեզվական հնարավորություներն ավարտվելուց սկսում է ձեռքերով խոսել: Հատկապես տպավորիչ է նրա լենինյան կեցվածքը:
Հիշեցնենք Վարդան Այվազյանի մի քանի մեծագործություններից, Վրաստանի Տաբացկուրի գյուղի բնակիչները դատական պրոցեսի մեջ էին մտել Վարդան Այվազյանի հետ: Տեղացիները պահանջում են չեղյալ համարել Այվազյանի ընկերությանը տված լիցենզիան, քանի որ դրանից հետո սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձուկ որսալու գյուղացիների իրավունքները:
ժամանակին Վարդան Այվազյանը հայտնվել էր միջազգային սկանդալի կենտրոնում` 3 միլիոն դոլարի կաշառք վերցնելու համար: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը գրել էր, որ ոսկու հանքերի շահագործման թույլտվության համար 2005-ին «Գլոբալ գոլդ» ընկերությունից Այվազյանը պահանջել էր 3 միլիոն դոլար: Դրանից հետո Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը կատարողական թերթ էր տվել, ըստ որի` Այվազյանից 37 միլիոն 500 հազար դոլար պետք է բռնագանձվեր հօգուտ «Գլոբալ գոլդի»: Վարդան Այվազյանը աջ ու ձախ հերքում է մեղադրանքները:
Այվազյանների ընտանիքը ևս անմասն չի մնում սկանդալներից, հերթականը 2011 թ-ին էր. Այվազյանի ընտանիքին պատկանող երկաթահանքերը 24 միլիոն դոլարով վաճառվեցին չինացիներին, և սա այն դեպքում, որ ՀՀ տարածքում գտնվող երեք երկաթահանքերի երկաթի պարունակությունը գնահատվում էր ավելի քան 1.8 միլիարդ տոննա:
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում «Գրեյդ Ռեդմետ» ոսկու հանքը, որը ևս կապվում է Վարդան Այվազյանի անվան հետ:
Անշարժ գույք, թանկարժեք ավտոմեքենաներ, նրա տղան Սուրեն Այվազյանը ևս հայտնի է իր ճոխ ապրելակերպով և սկանդալներով: Սրանից հետո ինչպես կարող է Վարդան Այվազյանը, իր արյուն-քրտինքով ձեռք բերված միլիոնները հենց այնպես բաժանել: Սակայն խոսելուց միշտ էլ հեշտ է, որ պետք եղավ կվաճառենք, որ պետք եղավ փող կտանք, սակայն, ինչպես երևում է` երբեք այդ պետքի ժամանակը չի գալիս:
Այդ էր պատճառը, որ այս օրերին Արցախին օժանդակելու համար ողջ ժողովուրդը փշուր-փշուր հաց ու կոպեկ-կոպեկ փող հավաքեց ու փոխանցեց Արցախին:
Իսկ ովքեր միլիոններ ունեին կամ իրենց աշխատավարձը փոխանցեցին, կամ էլ այնպիսի մի խղճուկ գումար, որ դրանով անգամ ռեստորան ու կազինո չէին գնա: Այն մարդիկ, ովքեր այսօր նյարդայնանում են իրենց տարիներով թալանածը վերադարձնելուց, նրանց համար հայրենիքը երբեք չի կարող սրբություն լինել, հայրենիքը նրանց համար բիզնես ճյուղ է, որի վրա արդեն տարիներ շարունակ նստել են: Բայց ապրիլյան իրադարձությունները քամու պես ճոճեցին այդ ճյուղը և հասկանալի է ճյուղի վրա ճոճվողների ոչ ադեկվատ պահվածքը: