ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում լրագրողների անվտանգության խնդրով
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ՝ Երևանում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ոստիկանության վերջին բռնի գործողություններից հետո։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Հաղորդումների համաձայն՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը փորձել է բերման ենթարկել 1in.am լրատվական կայքի աշխատակիցներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին և վնասել է նրանց տեխնիկան:
«Ես կրկին կոչ եմ անում իշխանություններին ապահովել անվտանգ լուսաբանելու լրագրողների իրավունքը»,- ասել է Միյատովիչը:
«ԶԼՄ-ների դեմ բռնության կիրառումը, հատկապես՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, անընդունելի է»,- հավելել է նա։
Միյատովիչը նաև նշել է, որ 2015 թվականի հունիսին Երևանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած լրագրողների դեմ հարձակումների վերաբերյալ հետաքննության արդյունքները դեռ չեն բացահայտվել։