Քաղաքակիրթ կինը այդքան հեշտությամբ չպիտի տա. Ազատ Արշակյան
«Նախ ես գտնում եմ, որ քաղաքակիրթ և բարեկիրթ կինը այդքան հեշտությամբ չպիտի տա: Ցավալի է, երբ կինը այդքան հեշտությամբ այո է ասում»,- այսօր newspress.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությանը, թե Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է փոխզիջման գնալ:
«Երկրորդ՝ հող հանձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք ոչ մի թիզ հող չունենք հանձնելու: Մենք միայն ստանալու հող ունենք: Պաշտոնյան՝ հատկապես կին պաշտոնյան, տալու հետ կապված իր տեսակետը պետք է փոխի: Ես տիկին Նաղդալյանին և մյուս պաշտոնյաներին մի բան եմ առաջարկում՝ հանձնել իրենց պահած ոսկիները և դրանով զինել մեր բանակը: Ուժեղացնել մեր անվտանգությունը: Սա պետք է լինի իրենց գործը, ոչ թե հող տալը»,- հավելեց Արշակյանը:
Ազատ Արշակյանը հիշեցրեց նաև, որ 2011 թվականին Մինսկի խմբի համանախագահներն հանդես եկան փոխզիջումների առաջարկով, ինչը ենթադրում էր հինգ տարածքների հանձնումը թշնամուն: Բայց սա պարզապես համանախագահների առաջարկությունն էր, իսկ բանակցություններ վարողների խնդիրը մանյովրներ անելն էր: Մանյովրների համար մենք նրանց դատել չենք կարող: Քանի դեռ նրանք չեն ստորագրել հողերի հանձնման փաստաթղթի տակ, մենք նրանց ոչինչ չենք կարող ասել:
«Հաղթողներին մենք փառք ու պատիվ ենք տալիս, իսկ հող հանձնողներին կդատենք ամենայն խստությամբ»,- իր խոսքը եզրափակեց Ազատ Արշակյանը: