Ոչ թե դժբախտ պատահար, այլ դժբախտություն . Շարմազանովը՝ ավտոբուսի պայթյունի մասին
Այսօր ԱԺ քառօրյան սկսելուց առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունին՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ առողջացում մաղթելով վիրավորներին:
Հիշեցնենք, որ Հալաբյան փողոցում 63 համարի երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի ավտոբուսը պայթել է, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 7 մարդ: Վիրավորների թվում են նաև անչափահաս երեխաներ և հղի կին:
Նա նշեց, որ զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարի հետ և տեղեկացել, որ վիրավորների վիճկը կայունացել է:
Շարմազանովն այնուհետև անդրադարձավ սահմանում տիրող իրավիճակին:
Հիշատակելով այս գիշեր սահմանում զոհված պայմանագրային երկու զինծառայողներին, նա դարձյալ բոլորի անունից ցավակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին:
Շարմազանովը նկատեց, որ այս պահին սահմանում վիճակը վերահսկվում է:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դժբախտ պատահարից անցել է 12 ժամ և մինչ այս պահը ոչ մի հստակություն չկա:
Շարմազանովը հակադարձեց.
«Ոչ թե դժբախտ պատահար, այլ դժբախտություն և հետո էլ հենց առաջին իսկ րոպեներից դեպքի վայրում աշխատել են մասնագետներ, հիմա էլ կա որոշակի տեսակետեր, սակայն այն կհրապարակվի, երբ հստակություն լինի»,-ասաց Շարմազանովը: