Թշնամու արկակոծությունից Մարտակերտում ավերածություններ կան
«Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ թշնամին մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ
բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ», – ասել է «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում և հավելել, որ առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Լ. Զաքարյանի խոսքով, թշնամու արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան
անցել իրենց աշխատանքին:
Իսկ ինչ վերաբերում է Մատաղիս բնակավայրին, ապա մեզ հետ հեռախոսազրույցում գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն ասաց. «Բարեբախտաբար, այս անգամ թշնամուն չի հաջողվել լուրջ վնասներ հասցնել գյուղին»:
Նրա խոսքով, բնակիչները մասնավոր գույքի մասով որոշակի վնասներ են կրել, սակայն առանձնատներն ու համայնքային նշանակության օբյեկտներն հիմնականում անվնաս են մնացել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաեւ Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):