Մարդկանց ունեցվածքը չի կարելի խլել. Սամվել Նիկոյան
Մարդկանցից ունեցածը խլելը վատագույն և վտանգավոր ճանապարհն է: Այս մասին այսօր, ապրիլի 25-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով դիտարկմանն, ըստ որի, գործարարներն ու պաշտոնյաները պետք է իրենց դղյակները վաճառեն ու գումարը տրամադրեն սպառազինությանը:
Իշխանական կուսակցության ներկայացուցիչը դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Նա վստահեցնում է, որ հարկավոր է հարկային վարչարարությունը խստացնել, ոչ թե մարդկանցից խլել ունեցվածքն ու ուղարկել բանակ:
«Այդպիսի բան որեւէ պետության մեջ պետք չի թույլ տալ: Դա նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա նստած եք, դա նշանակում է, որ այլևս աշխատատեղեր չի լինի, քանի որ այդ նույն գործարարներն են ապահովում աշխատատեղեր, որից մուտքագրումներ են լինում բյուջե, իսկ բյուջեից բանակին»,-ընդգծեց Նիկոյանը: