Տարածքների փոխզիջո՞ւմ. այսօր նման հարց գոյություն չունի
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմը կողմերին հեռացրել է խաղաղ բանակցություններից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հավելելով, որ Ադրբեջանին հաջողվել է բանակացությունները տապալել, քանի որ հենց դրան էլ ձգտում էր:
«Ադրբեջանը փորձում է ասել, որ այսօրվա զինադադարի ռեժիմն այլևս 1994 թվականի եռակողմ պայմանագիրը չէ, այլ նոր երկկողմանի բանավոր համաձայնագիրը: Այդպես Ադրբեջանն ուզում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղած լինել հավանական բանակցություններից»,- ասաց Կ. Մանոյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ապա բանախոսը նշեց, որ հարցի խաղաղ լուծման կարելի է հասնել ոչ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, այլ նաև եթե միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը նպատակ չունի հասնել հարցի լուծմանը խաղաղ ճանապարհով:
Տարածքների փոխզիջման մասին Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ այսօր նման հարց գոյություն չունի, որովհետև բանակցություններ չկան: