Միջադեպ ոստիկանի և «Նոր Հայաստանի» անդամի միջեւ
Ապրիլի 24-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանի եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների, եւ անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի միջեւ տեղի է ունեցել միջադեպ Ցեղասպանության հուշարձանի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գագիկ Եղիազարյանը հուշարձանից վերադառնալու ճանապարհին տեսնելով, որ քաղաքացիական անձանց մի խումբ անարգել անցնում է դեպի Արզումանյան փողոց տանող ճանապարհով, որոշում է այդ երթուղով վերադառնալ, քանի որ նախապես իր մեքենան կայանված է լինում Արզումանյան փողոցում։ Սակայն, նա անմիջապես հանդիպում է ոստիկանական արգելքի եւ, երբ պահանջում է ոստիկաններից չսահմանափակել իր տեղաշարժի իրավունքը, նրանք պատասխանում են, որ նա պետք է վերադառնա ժողովրդի համար հատկացված ճանապարհով։ Գագիկ Եղիազարյանի այն հարցին, թե ինչպես է այլ քաղաքացիների թույլատրվում անարգել վերադառնալ նշված ճանապարհով եւ, թե ինչու է խտրական վերաբերմունք դրսեւորվում իր անձի նկատմամբ, ոստիկանները պատասխանել են, որ այդ ճանապարհով թույլ է տրվում անցնել միայն պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Այն պահին, երբ Գագիկ Եղիազարյանը կրկին հարցապնդում է արել, թե ինչու է անմիտ կերպով դժվարացվում ժողովրդի ճանապարհը եւ ինչու է խտրականություն դրսեւորվում պատվիրակությունների ներկայացուցիչների եւ ՀՀ քաղաքացիների միջեւ, նրան է մոտեցել ոստիկանական աշխատակիցների շքախումբը՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով, այլ նաեւ բարոյականության սահմաններից դուրս արտահայտություններ է գործածել, որը հարիր չէ օրենքի եւ քաղաքացու իրավունքի ենթադրյալ պաշտպան ոստիկանին, առավել եւս այդ կառույցի ղեկավարին»: