Դենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է դեկտեմբերի 2-ից ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին հանդիպելու նպատակով այցելությունների շարք սկսելու մասին։
Ջորկաեֆն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին։
Մեր նպատակն է տեղում ծանոթանալ ակումբների առջև ծառացած խնդիրներին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջնահերթությունները, լսել առաջարկներն ու միասին քննարկել հնարավոր լուծումները։
Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով»,- գրել է նա՝ հրապարակելով նաև սպասվող այցերի ճանապարհային քարտեզը։