Թրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոթորիկն ու Պոտոմակ գետի վարարումը գրեթե ոչնչացրել են Վաշինգտոնի Արևելյան Պոտոմակ զբոսայգու Trash Island կղզու գոլֆի դաշտը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ կրկին կոչ անելով թույլատրել գոլֆի դաշտի վերակառուցման նախագծի իրականացումը։
Թրամփի խոսքով՝ փոթորիկը քանդել է Պոտոմակի երկայնքով ձգվող հին ափապաշտպան կառույցները, ինչպես նաև վնասել դրանց երկայնքով անցնող ճանապարհը։ Տարածքի զգալի մասը հայտնվել է ջրի տակ։
«Աղբի կղզին ամբողջությամբ ոչնչացվել է փոթորկից։ Այն բառացիորեն ջնջվել է երկրի երեսից՝ ներառյալ արդեն իսկ քայքայվող ափապաշտպան պատերը, որոնք փլվել են Պոտոմակի երկայնքով, և ճանապարհը, որը հիմնականում անցնում էր այդ պատերի երկայնքով։ Գրեթե ամեն ինչ հեղեղվել ու ոչնչացվել է մակընթացություններից», — գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ տարածքն ու ծառերը ջրհեղեղներից պաշտպանելու համար անհրաժեշտ է զգալիորեն ամրացնել և բարձրացնել ափապաշտպան կառույցները։ Թրամփը նաև պնդում է, որ դաշտ այցելելը դարձել է վտանգավոր, իսկ այն օգտագործելը՝ անհնար, և ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը փակել է այն։
Նա դատավորին կոչ է արել անհապաղ թույլատրել նախագծի շարունակությունն առանց հետագա ձգձգումների և նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում հնարավոր է դիմեն վերաքննիչ ատյան։
«Ի վերջո, նա շատ կհպարտանա վերջնական արդյունքով։ Ափսոս կլիներ նման անհեթեթ ու անլուրջ գործի՝ «Գոլֆի դաշտ՝ հանուն գոլֆի դաշտի» պատճառով դիմել վերաքննիչ դատարաններ», — հայտարարել է Թրամփը։