ՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախում
200-250 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ՊԵԿ-ը 10 տարի շարունակ ստուգումներ է իրականացրել, սակայն անգամ 0 դրամի խախտում չի հայտնաբերել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը։
Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթին ամեն տարի վերահսկողություն է իրականացրել ՀԷՑ-ում։ Ալոյանն ընդգծել է, որ ընկերության սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին հատուկ ծրագիր, որի միջոցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցները ցանկացած պահի՝ օնլայն ռեժիմով, կարող էին տեսնել, թե ինչ է կատարվում ՀԷՑ-ում։
Փաստաբանը նաև հարց է բարձրացրել՝ եթե այսօր այդքան խախտումների մասին են խոսում, ինչո՞ւ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։
«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ որևէ մի պաշտոնյա այս «բացահայտումների» հետ կապված որևէ պատասխանատվության ենթարկված լինի»,- ասել է Ալոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
2026 թվականի մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար ընկերության սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է 380 հազար դոլար։ Կարապետյանն այդ գումարի չափն անընդունելի է համարել, ինչի հետևանքով բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը ճանաչել հանրության գերակա շահ։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարել է, որ կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանրության գերակա շահ ճանաչելու մասին, որից հետո կիրականացվեն ընկերության շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցման գործընթացը։