Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան
Տնային կալանքից անձին կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է։ Կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց Հայաստանում դա լինում է։ Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Մենք ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակահատվածն իր մեջ ներառում է թե՛ փաստացի կալանքը, թե՛ տնային կալանքի ժամանակահատվածը։
Սամվել Կարապետյանի քրեական վարույթը բաղկացած է երկու մասից։ Առաջինը, կհիշեք, պարզապես «մեր ձևով» եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությանը հաջորդեց կալանքը։ Եվ այդ կալանքը շարունակվում էր իր՝ թե՛ կալանքի, թե՛ տնային կալանքի բաղադրիչով մինչև 2026 թվականի նոյեմբեր ամիսը։
Ի՞նչ տեղի ունեցավ 2026 թվականի նոյեմբերին։ Դրանից մի քանի օր առաջ սկսվել էր արտաքին պարտադրանքով սահմանադրական, իբրև թե, փոփոխության օրակարգը, որի վերաբերյալ Սամվել Կարապետյանը, որպես ընդդիմադիր ամենախոշոր ուժի առաջնորդ, տվեց իր հստակ դիրքորոշումը, որ մերժելու են ցանկացած առաջարկ դրա շրջանակներում՝ լինի դա իշխանության կողմից, թե ում կողմից ուզում է լինի։
Անմիջապես դրան հաջորդեց նոր մեղադրանք և կրկին կալանք։ Շատ կարևոր է ֆիքսելը, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը, սա մեղմ ասած աբսուրդ է, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց Հայաստանում դա լինում է։ Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է»,- ասել է Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել ավելի վաղ, սակայն սպասել են հարմար պահի։
«Ի՞նչն եմ ուզում ընդգծել։ Ուզում եք՝ անունը դնենք սկանդալային բացահայտում անեմ, թեև սա հանրային տիրույթում առկա էր։ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան, լինելով Հանրային հեռուստաընկերության եթերում, կատարում է հետևյալ բացահայտումը։ Ասում է, որ այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել ե՞րբ՝ 2026 թվականի հունվար ամսին։
Այսինքն՝ 2026 թվականի հունվար ամսին հարուցում են հերթական մի գործ, անունը դնենք պայմանական՝ ՀԷՑ-ին վերաբերող քրեական գործ, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան ի՞նչ պետք է հաջորդի՝ կալանք։
Որովհետև այս իշխանությունները մի բան են, որ հստակ միշտ անում են, դա կալանքն է։ Ուրիշ մի գործիք, որ իրենք պատկերացնեն ու անեն, չկա։ Օրինակ՝ տարատեսակ զիջումներ և այլն շարունակաբար, միշտ պատրաստ են անել, բայց կալանքը երբեք չեն զիջելու»,- նշել է Վարդևանյանը։