«Անընդունելի է և անբացատրելի». 9-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասագրքում 18+ սերիալ դիտելու առաջադրանք կա
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը քննադատել է 9-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում ներառված առաջադրանքը, որով աշակերտներին հանձնարարվում է դիտել 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» հեռուստասերիալի առաջին մասը։ Նա անընդունելի է համարել նման բովանդակությունը որպես կրթական նյութ ներկայացնելը՝ նշելով, որ այն կարող է նպաստել դեռահասների շրջանում բռնության և քրեական ենթամշակույթի նորմալացմանը։
«9-րդ դասարանի «Ռուսաց լեզու» դասագրքի առաջադրանքը
Նայել 18+ տարիքային սահմանափակում ունեցող «Слово пацана» հեռուստասերիալի առաջին մասը։
Ի՞նչ ասել... Նորից պիտի հաստատեմ տարիներ շարունակ բարձրաձայնած մտահոգությունս․ դասագրքաստեղծությունը պատասխանատու գործընթաց է, որին, սակայն, համապատասխան կառույցը՝ ԿԳՄՍ նախարարությունը, անփութությամբ և անպատասխանատվությամբ է վերաբերվում։
Եվ, միևնույն ժամանակ, որքան անդրդվելի է ԿԳՄՍ նախարարությունն «իրական Հայաստանի» կեղծ և ապազգային գաղափարախոսության հանրահռչակման հանձնառության մեջ։
«Слово пацана» հեռուստասերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում։ Աներկբա է, որ սյուժեում ներկայացվող քրեական ենթամշակույթը, խմբակային բռնությունը, ուժի պաշտամունքը, վախի միջոցով հեղինակություն ձեռք բերելը և հանցավոր խմբերի ներքին «պատվո կանոնները» կարող են դեռահասների կողմից ընկալվել որպես վարքագծի ընդունելի կամ նույնիսկ գրավիչ մոդելներ։
Անընդունելի է և միաժամանակ՝ անբացատրելի, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվել հեղինակները, երբ 18+ տարիքային սահմանափակում ունեցող ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ։
14-15 տարեկան երեխաները դեռևս չունեն բավարար քննադատական մտածողություն՝ հստակ տարանջատելու էկրանին ներկայացվող իրականությունն ու գեղարվեստական դրամատիզացիան։ Հետևաբար, քրեական աշխարհի կանոնների, բռնության, հաշվեհարդարի և ուժի միջոցով խնդիրներ լուծելու մոտեցումների ռոմանտիկացումը միանշանակ նպաստում է դրանց նորմալացմանը։
Պարզապես անընդունելի է, երբ նման բովանդակությունը ոչ միայն հասանելի է դառնում դեռահասներին, այլև ներկայացվում է որպես պարտադիր կամ հանձնարարելի դիտման առարկա։
Իսկ մինչ այդ ԿԳՄՍ նախարարությունը, կրկնակի կամ անկախ փորձաքննություն կազմակերպելու փոխարեն, հանրակրթական հաստատություններից ջանասիրաբար հեռացնում է փառքի անկյուններն ու պատերից ջնջում հերոսների նկարները։
Փոխանակ մտածելու, թե ինչպես դպրոցը հեռու պահենք հանրային դեգրադացիայի համատարած պատկերից, բարոյական նահանջներից և ամենաթողությունից, թեման տանում ենք դպրոց, ու ականատես ենք դառնում, թե ինչպես է բռնության մշակույթը մետաստազներ նետում բոլոր առումներով...
Ցավոք, ես չեմ տեսնում համակարգված քաղաքականություն, չեմ տեսնում քաղաքական կամք՝ փոխելու այս իրականությունը։
Ամոթ և ոչ պրոֆեսիոնալիզմ. այլ գնահատական չունեմ...»։