Մերցն ու Մակրոնը տարաձայնություններ ունեն ԵՄ բազմամյա բյուջեի կրճատման հարցում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռակա բանավեճի մեջ են մտել Եվրամիության բազմամյա բյուջեի շուրջ։ Այս մասին հայտնում է EUobserver-ը։
Բեռլինի գլխավորած երկրների խումբը պնդել է բյուջեի զգալիորեն ավելի մեծ կրճատման անհրաժեշտությունը, քան առաջարկել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ 204 միլիարդ եվրոյի չափով։
«Ես միշտ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը․ կրճատումը պետք է կազմի մի քանի հարյուր միլիարդ եվրո»,- Մերցի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Իր հերթին, Մակրոնը բյուջեի կրճատման պահանջները որակել է ռազմավարական սխալ։ Նրա խոսքով՝ նման որոշման արդյունքում Եվրամիությունը պետական ներդրումների ծավալով փաստացի հետ կմնա Չինաստանից։
«Մենք փաստացի դատապարտում ենք մեզ պետական ներդրումների ծավալով Չինաստանից հետ մնալուն, և Ֆրանսիան չի աջակցում որևէ լրացուցիչ կրճատման»,- հայտարարել է Մակրոնը՝ գագաթնաժողովը նախատեսվածից շուտ լքելիս։