Ամասիայի համայնքապետը 9.2 հա հողամաս է վարձակալությամբ տրամադրել ամուսնու ընկերությանը․ տարեկան վարձավճարը՝ 200 հազար դրամ. Hetq.am
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ ավագանին 9.2 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել է և այն 20 տարով՝ տարեկան ընդամենը 200 հազար դրամով, վարձակալության է հանձնել «Լիչի» ՍՊԸ-ին։ Ընկերության սեփականատերը համայնքապետի ամուսինն էր, իսկ տնօրենը՝ որդին։ Այսպիսով, համայնքապետը մասնակցել է իր ընտանիքին պատկանող բիզնեսի համար անհրաժեշտ որոշումների ընդունմանը։ Թեև ընկերության սեփականատերը հետագայում փոխվել է, համայնքապետի որդին շարունակում է ղեկավարել այն։ «Լիչի» ՍՊԸ-ն զբաղվում է Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում հրաբխային խարամի արդյունահանմամբ, գրում է Հետքը:
Ընդերքօգտագործման իրավունքը և հողամասի վարձակալությունը
2023 թվականի օգոստոսին «Լիչի» ՍՊԸ-ն դիմել է ՏԿԵ նախարարություն Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի տարածքում՝ Կապույտկոխի (Կապույտ-Կոխի) հրաբխային խարամի հանքավայրում ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար։ 2024 թվականի մարտին նախարարությունը տրամադրել է ընկերությանը այդ իրավունքը։
Ընդերքօգտագործման իրավունք ստանալուց մեկ ամիս առաջ էլ «Լիչի» ՍՊԸ-ն ստացել էր Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունը։
ՇՄԱԳ դրական եզրակացությունը ստանալուց հետո Ամասիա համայնքի ավագանին որոշել է 9.2 հա մակերեսով հողամասը, հրաբխային խարամների արդյունահանում իրականացնելու նպատակով, վարձակալությամբ տրամադրել «Լիչի» ՍՊԸ-ին՝ 20 տարի ժամկետով։ Հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է 200.000 դրամ։
Հողամասը վարձակալության տրամադրելուց առաջ էլ ավագանին փոխել էր դրա նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսականից դարձնելով արդյունաբերական և ընդերքօգտագործման։
Ավագանու այս որոշումներն ընդունվել են Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ։ Նա նաև կողմ է քվեարկել այս որոշումների ընդունմանը։
Ի՞նչ է հրաբխային խարամը
Հրաբխային խարամը հրաբխային ապարների փքված, անկանոն, ծակոտկեն բեկորն է: Այն առաջանում է պայթյունային հրաբխային ժայթքման ժամանակ։ Հրաբխային խարամն օգտագործվում է շինարարության մեջ։ Այն օգտագործվում է բետոնի, ձայնամեկուսիչ իրերի արտադրության մեջ։ Հայաստանում հրաբխային խարամի պաշարները տարածված են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում և Երևանի շրջակայքում։
Ո՞վ է «Լիչի» ՍՊԸ-ի սեփականատերը
«Լիչի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերության հիմնադիրը Լիլիթ Չիլչիլյանն է։ 2023-ին ընկերության 100% փայատեր է դարձել Մարսել Կարապետյանը։ Նա Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ամուսինն է։ Նույն թվականին ընկերության տնօրեն է դարձել համայնքապետի որդին՝ Հայկ Կարապետյանը։
Ջեմմա Հարությունյանի առաջարկությամբ համայնքի ավագանին կողմ է քվեարկել նախ 9.2 հա մակերեսով հողամասի կատեգորիան փոխելու, ապա այդ հողամասը 20 տարով «Լիչի» ՍՊԸ-ին վարձակալության տալու որոշումներին։ Հետաքրքրական է նաև, որ հողամասի վարձակալության մեկ քմ-ի տարեկան վճարը սահմանվել է 2.17 դրամ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: