Ռուսական ուժերն առաջխաղացում են գրանցել Կուպյանսկի ուղղությամբ
Ռուս զինվորականները վերջին մեկ օրվա ընթացքում առաջխաղացում են գրանցել Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Պետրովպավլովկա գյուղի մերձակայքում։ Այս մասին հայտնում է ուկրաինական DeepState OSINT նախագիծը։
«Հակառակորդն առաջ է շարժվել Պետրովպավլովկայի մերձակայքում»,- ասվում է նախագծի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
DeepState-ի քարտեզների համաձայն՝ ռուսական ուժերն առաջ են շարժվել գյուղից արևելք՝ Կուպյանսկի ուղղությամբ։ Մինչ այդ հիմնականում Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ գտնվող Պետրովպավլովկան ամբողջությամբ հայտնվել է այսպես կոչված «մոխրագույն գոտում», որտեղ կողմերից որևէ մեկի վերահսկողությունը հստակ հաստատված չէ։
Նախագծի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսն ավելացել է 8,29 քառակուսի կիլոմետրով, իսկ ներթափանցման գոտին՝ «մոխրագույն գոտին», ընդլայնվել է ևս 3,68 քառակուսի կիլոմետրով։
Պետրովպավլովկայից մինչև Կուպյանսկ հեռավորությունը մոտ 8 կիլոմետր է։ Միևնույն ժամանակ, այդ հատվածը քաղաքի ճակատային գծի ամենամոտ ուղղությունը չէ։