Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Զանգեզուրի միջանցքը TEN-T ցանցին ինտեգրելու հարցը
Ադրբեջանի և Եվրամիության միջև կայացել է տրանսպորտի հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը։
Այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Եվրահանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ղեկավար Մագդա Կոպչինսկայի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունների, Միջին միջանցքի զարգացման, տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման և ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։
Քննարկվել են նաև Միջին միջանցքի զարգացման նպատակով ԵՄ ֆինանսական և ներդրումային հնարավորությունների օգտագործման, Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման, Զանգեզուրի միջանցքը TEN-T տրանսպորտային ցանցին ինտեգրելու, եվրոպական լոգիստիկ ընկերություններին Միջին միջանցքում ներգրավելու, ինչպես նաև ավիացիայի և ծովային տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Հանդիպման արդյունքներով քննարկված ուղղությունների վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ։