ՌԴ ԶՈւ–ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին․ ՊՆ
Ռուսական զինուժն այս գիշեր անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում խոցվել է լոգիստիկ կենտրոն, որտեղ պահվում էին հրթիռային վառելիքի արտադրության բաղադրիչներ, իսկ Խմելնիցկիի մարզի Լետիչև քաղաքում՝ «Տերմոպլաստ» արդյունաբերական ձեռնարկությունը, որը ներգրավված էր հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։
Հարվածներ են հասցվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում և Ժիտոմիրում գտնվող` 330 կՎ հզորությամբ երկու էլեկտրաենթակայանների, որոնք, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։
Բացի այդ, Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ, Պերշոտրավենսկ և Բոգդանովկա բնակավայրերում խոցվել են չորս երկաթուղային լոկոմոտիվներ, որոնք օգտագործվում էին Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար։
Սև ծովի ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է բեռնատար նավ, որն Ուկրաինա էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։